Միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստանի սահմանն ամբողջովին պահպանվում է. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին ի պատասխան անդրադարձավ օրերս Սյունիքի մարզի Արավուզ համայնքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական զինվորներ բռնության են ենթարկել մեր քաղաքացուն:

«Միջադեպը, որ ասում եք, տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել: Միջադեպը հարթվել է: Ուզում եմ հստակ ասել, որ բոլոր այն սահմանը, որ նախատեսված է Խորհրդային Միության և միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստանի՝ ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որ մերոնք 50 մ առաջ են, կան տեղեր, որ հակառակն է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որն ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը: Փոփոխությունները, որ տեղի են ունեցել սահմանին, իր մակերեսով շատ փոքր են, և այստեղ այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ժամանակ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց՝ չկան միջադեպեր, որ բերում են զոհերի կամ վիրավորների. այս խնդիրը լուծված է, և իրենք ամեն ինչ անելու են, որ նման դեպքերը բացառվեն, որ, օրինակ՝ հովիվը չգնա այդտեղ, կամ մարդիկ չմոտենան ադրբեջանական դիրքերին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում