ՄԻՊ-ը՝ սահմանազատումների և սահմանագծումների մասին

Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում` ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ):
Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ մեր պետության սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար:
Սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն:
Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների պաշտպանությունը»,- գրել է ՄԻՊ-ը:

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ