Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ պարզաբանումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին-Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։

Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։

Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։

Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել է մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։

Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ.):

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ