Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը․ ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է․ ՀՀ նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից:

Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:

Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը:

Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին:

Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, լավատեսություն, ստեղծարար աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ», – ասված է ուղերձում:

Related posts

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ