Մենք ՌԴ հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք․ Փաշինյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության մասին

Պատրա՞ստ եք միանգամայն դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, և ինչպե՞ս եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Միջազգային ցանկացած հարաբերություններում և դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք»,- ասաց նա։

ՌԴ-ի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ վարչապետը նշեց․

«Մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ»։

Դրա արտահայտություններից մեկը, ըստ վարչապետի, ՀՀ-ում վերջերս ընդունված օրենքն էր ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ։

«Այդ օրենքը մենք դիտարկում ենք նաև որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև մենք այսպես թե այնպես ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն ենք վարում, շատ կարևոր է, որ դրանում ունենանք լրացուցիչ խթաններ։ Այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է, մյուս կողմից՝ ես ուզում եմ շատ հստակ լինել, որովհետև երբեմն նաև ՀՀ-ում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Մենք ամենևին էլ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, ավելին՝ մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների՝ Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իհարկե, ուզում ենք նաև խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ասաց վարչապետը։

Related posts

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` ապրիլի 29-ին

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Հայ լուսանկարչի նկարները 1 շաբաթ ներկայացվելու են ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի պաշտոնական էջում