Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
Փառատոնի հարգելի անդամներ,
Պետական այրեր, մշակույթի և գիտության գործիչներ,
Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը: 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 83 տոկոսով, լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում կրթության ոլորտում:

«STARMUS»-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդների, գիտությունն ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք: Սա նաև մեր կառավարության տեսլականն է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով: Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում: «STARMUS»-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարդ և նույնիսկ անսպասելի հարցեր, և մեր տեսլականն է, որ միայն չձևակերպված հարցեր ձևակերպելով և այդ հարցերի ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքների երկիրը: Եվ այս իմաստով, սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Հպարտորեն պիտի ընդգծեմ, որ 1971 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս իջեցված «Մարս-3» սարքի մեջ էր գտնվում հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը», իսկ «Մարս-3» սարքը Երկիր ուղարկեց մոլորակի առաջին լուսանկարը: Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր մեծ հայրենակցի 100-ամյակը:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք սա անում ենք ոչ միայն որպես պատմական հիշողություն կամ հարգանքի տուրք: Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի դյուրացման, և մեծ հավանականությամբ, բնակեցման գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգով: Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին:

Այսօր աշխարհն ապրում է «Ջեյմս Ուեմբ», «Հաբլ» «Կեպլեր» տիեզերական աստղադիտակների դարաշրջանում։ Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանն ու ստեղծմանը։

Այս առումով, ցանկանում եմ ընդգծել «STARMUS» փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։

Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ:

Ամփոփելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում փառատոնի հոգաբարձուների խորհրդին, կազմակերպչական ողջ թիմին, մասնակիցներին ու հյուրերին այստեղ գտնվելու և այս օրերը մեր հայրենիքում անցկացնելու համար: Ուզում եմ ընդգծել և շնորհակալության հատուկ խոսքեր ասել փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին՝ իր բացառիկ ջանքերի համար:

Բոլորիս մաղթում եմ գիտակրթական և մշակութային հագեցած օրեր, նոր բացահայտումներ և համագործակցության նորանոր հեռանկարներ»:

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին