Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուկրաինացիներին ուղղված ուղերձով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Unian-ը, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը արդեն երկրորդն օրն է՝ ռմբակոծում է Ուկրաինայի քաղաքները: Նա նշել է, որ Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ ուղղություններով գործել, ինչի հետևանքով թիրախում են հայտնվում ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև բնակելի տներ:

«Այս հարձակումների նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, ոչ միայն իշխանության, այլ նաև բոլոր ուկրաինացիների: Ուկրաինայի բոլոր պաշտպանները թույլ չեն տվել իրականացնել առաջին օրը ներխուժելու օպերատիվ պլանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա հայտարարել է, որ ուղղությունների մեծ մասում հնարավոր է եղել կանգնեցնել հակառակորդին, և ընթանում են մարտեր:

Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ այս ամենը հիշեցնում է 1941 թվականին Կիևի վրա հարձակումները: «Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը: Աշխարհի հզոր ուժերը հեռվից նայում են: Համոզել ե՞ն արդյոք Ռուսաստանին երեկվա պատժամիջոցները: Մենք լսում ենք մեր երկնքում և մեր հողի վրա, որ դա բավարար չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ զինվորականները առավելագույնս իրականացնում են իրենց խնդիրները: Զելենսկին բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել և օգնել միմյանց ու ուկրաինական բանակին:

«Ուկրաինայի ճակատագիրը կախված է միայն ձեզանից: Ոչ ոք, բացի մեզանից, չի ղեկավարելու մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեր կողմն է: Մեր բնավորությունը հնարավոր չէ ոչնչացնել: «Կալիբր» հրթիռները անօգնական են մեր ազատության առջև»,- հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու խոսել իրենց հետ, թե ինչպես դադարեցնի ռազմական գործողությունները և վերջ տալ ներխուժմանը: «Որքան արագ խոսակցությունը սկսվի, այնքան քիչ կորուստներ կունենա Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը դիմել է նաև ռուսաստանցիներին. «Ռուսաստանի Դաշնության հարգելի քաղաքացիներ, ինչպես ասացի, գիշերվանից սկսել են ռմբակոծել հերոս-քաղաք Կիևը: Այս ամենը հիշեցնում է 1941 թվականը: Բոլոր քաղաքացիները, որոնք ցույցերի են դուրս գալիս… մենք ձեզ տեսնում ենք: Սա նշանակում է, որ դուք մեզ լսում եք: Դա նշանակում է, որ դուք սկսել եք մեզ հավատալ: Կռվեք մեզ համար, պայքարեք պատերազմի դեմ»,- ասել է Զելենսկին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան