Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: Այս մասին նա հայտնել է Al Arabiya-ի հետ հարցազրույցում: «Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես հոգեբանորեն, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը:

Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ:

Նա կարևորել է նաև Արցախյան երկրորդ պատերազմից ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որտեղ ամրագրված է նաև ռազմագերիների վերադարձի պահանջը: «1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Արցախյան առաջին պատերազմում], մենք վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը:

Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:

«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում: Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում

Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ վարչապետ