Մեկնարկել է ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց:

Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց:

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ: Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին:

Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով:

Related posts

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում