Մեծ հաշվով խաղաղ, անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.

«35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր:

35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան:

Հարգելի հայրենակիցներ,

Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը:

Միաժամանակ, մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձևավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը: Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան:

Սիրելի արցախցիներ,

Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները:

Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն