Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն աշխատանքից ազատվել է Զելենսկուն քննադատելու պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայում դեսպան Վադիմ Պրիստայկոյին աշխատանքից ազատել է, երբ վերջինս «անառողջ սարկազմ» է անվանել Ուկրաինայի ղեկավարի խոսքը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հուլիսի 12-ին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել էր, որ արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից ռազմական տեխնիկա մատակարարելու համար՝ արագացված ընթացակարգով երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու որոշումները քննադատելու փոխարեն: Դրանից հետո Զելենսկին, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, ասել էր, թե չգիտի էլ՝ ինչպես պետք է Ուկրաինան շնորհակալություն հայտնի, և Ուոլեսին առաջարկել էր խորհուրդ տալ։Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները կարող են ամեն առավոտ արթնանալ ու շնորհակալություն հայտնել նախարարին։

Պրիստայկոն բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Զելենսկու այս խոսքն անվանել է անառողջ սարկազմ՝ նշելով, որ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան չպետք է ցույց տան, որ իրենց միջև տարաձայնություններ կան։ Միաժամանակ դեսպանը խորհուրդ էր տվել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարին խնդիրներ լինելու դեպքում զանգահարել իրեն և առանձնազրույցի ժամանակ հայտնել իր դժգոհությունը:

Պրիստայկոն Մեծ Բրիտանիայում դեսպան է նշանակվել 2020 թվականի հուլիսի 20-ին։ 2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2020 թվականի մարտի 4-ը ղեկավարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ Դիվանագետը նաև զրկվել է Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO) Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից։

Related posts

Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ բողոքի ակցիայի ժամանակ․ կան ձերբակալվածներ

Կայծակի գերհզոր ճայթյուն. Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել