Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, զրպարտության մեղադրանքով հայց են ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը հայտարարել է ու պնդել, թե նախագահի կինը նախկինում տղամարդ է եղել:

France 24-ը հայտնում է, որ Մակրոնների փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի առաջին զույգը դատական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ Օուենսը անտեսել է YouTube-ում և փոդքասթում «Becoming Brigitte» («Դառնալով Բրիջիթ») խորագրով իր շարքում արված կեղծ և զրպարտող հայտարարությունները հետ վերցնելու մասին բազմաթիվ խնդրանքները։

Նրանք նշել են, որ Օուենսի զրպարտությունները միտված են «վիրավորելու և ցավ պատճառելու ընտանիքին, ինչպես նաև ուշադրության և համբավի արժանանալու»։

Օուենսի YouTube-ի ալիքն այժմ ունի ավելի քան 4.7 միլիոն բաժանորդ։

Քենդիս Օուենսի դեմ 218 էջանոց հայցը Մակրոնների կողմից ներկայացվել է Դելավերի Գերագույն դատարան։ Կա պահանջ նաև փոխհատուցելու վնասը, որի չափը կորոշվի դատավարության ընթացքում։

72-ամյա Բրիջիթ Մակրոնը նախկինում ևս մի քանի անգամ դիմել է Ֆրանսիայի դատարաններ՝ պայքարելու պնդումների դեմ, թե ծնվել է որպես տղամարդ։ 2024 թվականի սեպտեմբերին երկու կին մեղավոր է ճանաչվել Բրիջիթի դեմ զրպարտանքների այս գործով։

Related posts

Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների․ հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում