Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով

Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղակացնում են տեղի լրատվամիջոցները:

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկը մեզ համար անընդունելի է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգե Լավրովն ասել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Նա ընդգծել է` դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:

Ավելին, Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո` Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Լավրովի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո` Սոչիում արդեն` մերժել:

«Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիևը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն», – նշել էր Լավրովը:

«Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմաննների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին», – հայտարարել էր Լավրովը:

«Երբ Պրահայի փաստաթղթի ստորագրումից հետո, որտեղ հղում է արվում Ալմա Աթայի հռչակագրին`առանց որևէ վերապահման, հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի», ֊ ասել էր նա:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար