Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունն է հայտնել գործընթացին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա։
ՀՀ վարչապետը և ՂՀ նախագահը պայմանավորվել են շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան