Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

 

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն: Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

 

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով: Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

 

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:

 

Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան