Հութիները պատրաստ են հարձակվելու Իսրայելի նավահանգիստների հետ համագործակցող ցանկացած նավի վրա

Եմենի հութիները, հանդես գալով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի և անկլավի շրջափակման դեմ, հայտարարել են Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին, հայտնում է Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը։

«Մենք որոշել ենք ակտիվացնել մեր ռազմական աջակցության գործողությունները և սկսել թշնամու (Իսրայելի) ծովային շրջափակման չորրորդ փուլը։ Այն ներառում է հարձակումներ Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած ընկերության բոլոր նավերի վրա՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից»,- ասվում է հութիների հայտարարության մեջ:

Հութիները բոլոր բեռնափոխադրող ընկերություններին կոչ են արել «դադարեցնել համագործակցությունն Իսրայելի նավահանգիստների հետ», իսկ պետություններին՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա, «դադարեցնելու ագրեսիան և վերացնելու Գազայի հատվածի շրջափակումը՝ էսկալացիայից խուսափելու համար»:

Խմբավորումը վստահեցրել է, որ հարձակումները անմիջապես կդադարեցվեն, «հենց ավարտվի Գազայի դեմ ագրեսիան և վերացվի շրջափակումը»։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները