ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների հարազատների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման ավարտին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ ծնողներին տեղեկացվել է, թե որ փուլում է գործընթացը:

«Աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-նշեց Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունների խնդիրն այն է, որ կարողանան Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, որը վերաբերում է գերեվարված, պատանդ պահված ու Ադրբեջանում պահվող անձանց վերադարձին, կատարումն ապահովեն ամբողջականությամբ:

«Այսինքն, անկախ իրավական կարգավիճակից, վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-նշեց Նազելի Բաղդասարյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան