ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:

Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:

ԵՄ առևտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով: Վալդիս Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան