ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտու նոր բնագծեր

ՀՀ պաշտպանության նախարարը դեկտեմբերի 18-ին այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի  համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան