ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զորավարժությունների մասով նշեմ, որ, անկասկած, նման տեղեկությունները զգոնություն են առաջացնում՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Ուստի Մոսկվան խորապես կվերլուծի այս տեղեկությունները և կհետևի իրավիճակին», – ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Related posts

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են