ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ