ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում արդեն 12 մեդալ են նվաճել

Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին:
Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):
Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 10:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, Ալիխանյանը 12:2 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին, Ավագյանը 7:4 հաշվով առավելության է հասել իտալացի ըմբիշի նկատմամբ, իսկ Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթանակի է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում արդեն 12 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի