ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան