ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով

ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով:
ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են ՀԷՑ ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:
«Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխբնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):
Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ, ինչպես նաև մի քանի լոտերով՝ առանձին ծառայություններ:
Ընթացիկ փուլում Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ իրականցվում են ՀԷՑ ՓԲ ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:
Համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդնումից հետո միայն ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրութամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան:
Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ. օգոստոսի առաջին տասնօրյակից:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ