Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալի վերաբերյալ արձանագրություն է կազմել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ վերջին օրերին հնչեցված բողոքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստաեթերով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Սերիալի բովանդակությունը ակտիվ քննարկվում է նաև համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում։

Այդ կապակցությամբ ՀՌՀ հանրության հետ կապերի բաժինը լիազորված է ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

Հանձնաժողովի կողմից արդեն իսկ կազմվել է արձանագրություն՝ ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Վերոնշյալը համապատասխանում է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1–ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման 2–րդ կետի 5–րդ ենթակետին, այն է՝ նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Հավելենք նաև, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները և անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային։

Հարկ եղած դեպքում Հանձնաժողովը կանդրադառնա նշվածին և կտարածի լրացուցիչ հաղորդագրություն»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել