Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ֆունդամենտալ ձևով փոխվի. Փաշինյան

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի, ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն»,- թվարկեց Փաշինյանը և նշեց, որ այն ժամերով կարելի է շարունակել:

«Այն, ինչ չկա, ինչի՞ պատճառով է, որ չկա, հարկ չլինելու պատճառով է, որ չկա, աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա, հարկ վարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարողանում հասկանալ գույքահարկի բարձր լինելու հետ կապված ծավալված քննարկումը:

Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարեց՝ հարկային քաղաքականության շուրջ հարկավոր է լայն և մեծ ըմբռնում, ուստի այս թեման պետք է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովում:

«Հարկի նկատմամբ, ինչքան էլ դժվար հնչի, պետք է ձևավորվի հարազատություն: Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նրա չափից, կշռից, ծավալից, և ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է: Ես նույնիսկ հույս չունեմ և չեմ էլ կարող խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք: Համակարգը կատարյալ չի լինելու երբեք:

Բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի այն մասին, որ ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկն իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է մեզ պետք երջանկության համար, ինչքա՞ն է հարկավոր վճարել այդ երջանկության համար, և ինչպե՞ս են բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետև ՀՀ-ում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի համակարգի՝ սկսած ամուսնությունից»,- ասաց նա:

Related posts

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն. Փաշինյանի ուղերձն Ադրբեջանին