Հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ ավագ հարկային տեսուչի կողմից տնտեսվարողից կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես, գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ տարածքային բաժնի ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանը համապատասխան ՍՊ ընկերությունում ստուգայցի ժամանակ, ի թիվս գրանցված աշխատակիցների, նկատել է փաստացի աշխատանք կատարող անձի:
Հարկային տեսուչը, սակայն, սահմանված կարգով նրա տվյալները չի ներառել ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող անձանց ցուցակում և միջոցներ չի ձեռնարկել` պարզելու նշված ընկերությունում հիշյալ աշխատակցի գրանցված լինելու հանգամանքը: Արդյունքում Տ. Կարապետյանը ընկերության սեփականատիրոջից վերջինիս որդու օժանդակությամբ ստացել է 160.000 ՀՀ դրամ կաշառք:
Այնուհետև տեսուչը նրան հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում ևս մեկ այցելություն պետք է կատարի նշված ընկերություն` նման կերպ բացահայտելով կրկնակի այցելություն կատարելու հարկային մարմնի մտադրությունը և հնարավորություն տալով տնտեսվարողին չգրանցված աշխատակիցներ ունենալու պարագայում խախտումը թաքցնել հարկային մարմնից:
Կաշառք ստանալու համար հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով:
Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Related posts

Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը