Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները։

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։

Դրանք նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգին։

Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։

Related posts

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել

Կոռուպցիա, կոռուպցիա, Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսեք. վարչապետ