ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում:

«Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Գալուզինը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Գալուզինը նշել է, թե կազմակերպությանն անդամակցությունը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից:

«Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք օբյեկտիվորեն չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար:

«Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։

Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- եզրափակել է Գալուզինը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել