Հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/ ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձի, ինչպես նաև՝ զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Հ.-ն, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով, 2019թ. ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/: Դրա կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկել է Վ.Ղ.-ին, Գ.Ս.-ին, Ի.Հ.-ին, Վ.Ա. և Ա.Գ.-ին, կատարել վերջիններիս միջև դերաբաշխումներ, տվել հանձնարարություններ, տնօրինել թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գումարները, կազմակերպել և ղեկավարել հանցավոր կազմակերպության նպատակներին առնչվող գործողություններ:

Համաձայն ստացված հրահանգների՝ hանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ Վ.Ղ.-ն, Գ.Ս.-ն, Ի.Հ.-ն, Վ.Ա.-ն և Ա.Գ.-ն ստանձնել են կազմակերպության ղեկավարի տված հրահանգներն ու ցուցումներն իրականացնելու պարտավորությունը։ Մասնավորապես, վերջիններս անմիջականորեն մասնակցել են հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի իրացմանը, տևական ժամանակ հսկել և ապահովել են հանցավոր կազմակերպության կողմից փաստացի շաhագործվող, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքի անվտանգությունը, որտեղ պահվել են իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները և թմրամիջոցների իրացումից ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները: Նշված անձինք հսկել են հանցավոր կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիշյալ շինության ելումուտը, արգելել են կողմնակի անձանց մուտքը շինություն, հանցավոր կազմակերպության ղեկավար Վ.Հ.-ի հանձնարարությամբ ինչպես նշված շինության մոտ, այնպես էլ այլ վայրերում տարբեր անձանց փոխանցել են թմրամիջոցներ, ստացել դրանց դիմաց վճարման ենթակա գումարները և հանձնել Վ.Հ.-ին:

Նույն ժամանակահատվածում հանցավոր կազմակերպության մասնակից Գ.Ս.-ն, մշտական հեռախոսային կապի մեջ գտնվելով Վ.Հ.-ի հետ, տարբեր անձանց հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ վերջիններիս թմրամիջոցներ իրացնելու վերաբերյալ և դրանք իրագործելու նպատակով իրացման համար նախատեսված թմրամիջոցի համապատասխան խմբաքանակը ստացել է Վ.Հ.-ից՝ վերջինիս փոխանցելով համապատասխան չափի գումար:

Հանցավոր կազմակերպության գործունեության ընթացքում դրա ղեկավար Վ.Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ հանցավոր կազմակերպության մասնակիցների հետ համատեղ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել, պահել և տարբեր անձանց ապօրինի իրացրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ, որից վերջինը՝ 2023 թվականին մարտի 21-ին, Վ.Հ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում Գ.Ս.-ին իրացման նպատակով փոխանցել է խոշոր չափերի՝ 0,96 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը պետք է իրացներ Ա.Ս.-ին և Ս.Թ.-ին։ Սակայն վերջիններս հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն օրը նշված թմրամիջոցը հայտնաբերվել է Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ։ Իսկ հանցավոր կազմակերպության գործունեության շրջանակներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 610,56 գրամ «Մեթամֆետամին», 0,85 գրամ «Հերոին», 0,134 գրամ «ԼՍԴ», 235,92 գրամ «ՄԴՄԱ», 1292,21 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա», խոշոր չափերի՝ 4,35 գրամ «Հաշիշի յուղ», 1,24 գրամ «ADB-FUBIATA», 0,26 գրամ «Մեֆեդրոն», 0,37 գրամ «Կոկաին», զգալի չափերի՝ 0,21 գրամ «Ամֆետամին», 0,11 գրամ «a-PVP», 1,55 գրամ «Ափիոն» և մանր չափի՝ 0,05 գրամ «Ամֆետամին և Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են 2023 թվականի մարտի 21-ին Վ.Հ.-ի և հանցավոր կազմակերպության մասնակիցների կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում կատարված խուզարկությամբ։ Այնտեղ հայտնաբերվել է նաև հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների իրացումից ստացված 187.700 եվրո, 46.500 ԱՄՆ դոլար գումար և 9.502.500 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, հուշամեդալներ, ձուլակտոր և թանկարժեք քարեր:

Բացի այդ, նշված տարածքում հայտնաբերվել է «COLT DETECTIVE SPECIAL» մոդելի 38 SPECIAL /9×29/ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված գործարանային արտադրության 38 SPECIAL /9×29/ տրամաչափի 6 փամփուշտներով:

Նախաքննության ընթացքում Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 335-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Ղ.-ի, Գ.Ս.-ի, Ի.Հ.-ի, Վ.Ա.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա.Ս-ի և Ս.Թ.-ի նկատմամբ` 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վեց անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված 8 անձի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան