Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած նախագծին, որով նախատեսվում է մի շարք  սկզբունքային փոփոխություններ իրականացնել հանրակրթության ոլորտում: Օրինագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մասնագետների հետ, տեղի են ունեցել նաև խորհրդարանական լսումներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: Նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել և հստակեցվել են:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ