Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան