Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ և ինչո՞ւ կազմակերպությունը, այնուամենայնիվ, հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում:

«Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի  և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար», – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորում է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ:Այդ իսկ պատճառով, ասում է գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ վերջերս բախումները սահմանին շատացել ենք և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի