Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ

Սևանա լիճը կենդանի համակարգ է, և ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային և երկարաժամկետ հետևանքներ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա. ջրային ռեսուրսների և կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը՝ խիստ, իրավաչափ և հետևողական։ Այս իրողության գիտակցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։

Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել՝ նշում է Ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը:

Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը՝ հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսած՝ 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են նաև 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:

Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը՝ պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր՝ ապագայի համար։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում