Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:

Ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն: Ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը:

«Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,- ասել է Գլխավոր հանձնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Զարեհ Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան