Հայաստանում առկա է տարվա տաք շրջանին բնորոշ աղիքային հիվանդացությունների աճ

Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել: Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
Միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար:
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում ու բազմանում են: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ:
Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել հակաբիոտիկների անհարկի օգտագործումից: Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին