Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

«Հարգելի’ գործընկերներ,

Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց: Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը: Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա:

Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ ոք մեկ բառ անգամ չասաց 100 000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ: Նրանցից ոչ ոք ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, որոնք զոհվել են, որոնք բաժանվել են իրենց ընտանիքներից: Եթե մենք հաշվի առնենք, որ ռեժիմի հստակ նպատակն էր ազատվել Լեռնային Ղարաբաղի հայերից, ամեն ինչ տրամաբանական է դառնում:

Բայց սա ամենը չէ: Պարոն Յաֆարովին պատասխանելով՝ նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից ընդամենը մի քանի շաբաթ հետո նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»:

Եթե չնկատեցիք, նա անվանեց Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»:

Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում` 2020 թվականի սանձազերծած պատերազմը, վերջին էթնիկ զտումները, իրրեդենտիստական բառապաշարով Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջելը և Հայաստանի Հանրապետության պետական սահմանները չճանաչելը, Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը ցույց են տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար:

Եվ այս ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքով: Եվ մենք` որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը:

Որովհետև սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավունքի և միջազգային կարգի խնդիր է: Հարգելի՛ նախագահողներ, խնդրում եմ թույլ չտալ որևէ մեկին այստեղ օգտագործել իրրեդենտիստական, ագրեսիվ տերմիններ: Անթույլատրելի է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու: Շնորհակալություն»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան