Հայաստանի և Վրաստանի նախագահների հայտարարությունը

Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում, վստահեցրել, որ այցն ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է հանդիպումն ընդլայնված կազմով: Այնուհետև Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարությամբ են հանդես եկել լրատվամիջոցների համար: Սարգսյանն առանձնացրել է գերիների թեման, նշել, որ Ադրբեջանի կողմից ազգային արժանապատվությունը ոտնահարող երևույթները չեն կարող նպաստել երկխոսության ձևավորմանը:

«Շեշտեցի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հսկայական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին կամ այն անձանց, որոնք այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծումներ գտնելու կարևորությունը: Սա շատ էական խնդիր է, և սա հումանիտար խնդիր է: Այս քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

«Պատերազմի ժամանակ առաջարկվել էր Վրաստանը դարձնել հանդիպումների ու երկխոսության հարթակ: Հիմա էլ մեր երկիրը կանգնած է խաղաղության կողմում և այդ առաջարկն ուժի մեջ է: Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած պատերազմ խաթարում է կայունությունը տարածաշրջանում, հետևաբար խաղաղությունն այլընտրանք չունի:

Նախագահ Սարգսյանի հետ քննարկել ենք տարածաշրջանի ապագան, տնտեսական բաղադրիչը, այս երկրները պետք է իրենց տարանցիկ ներուժն օգտագործեն և ունենանք բաց ու զարգացող տարածաշրջան: Քննարկեցինք նաև նոր նախաձեռնություններ՝ ինչպես նպաստել, որ մեր բիզնես դերակատարները սկսեն մտածել կոնկրետ նախագծերի մասին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Related posts

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան