Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով  բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։

Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան