Հայաստանի դատախազությունն ու Ռուսաստանի դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում:

ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները՝ ուղղված դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը:

Related posts

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները