Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը․

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարոթյունները:

Պատասխան. Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված,  կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի:

Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։

Related posts

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. Փաշինյան

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենա