Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է՝ ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:

2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հաչեկը:

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:

2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ:

Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թ. կազմել է 17,669.0 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը 2020թ. կազմել է 8312,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 9356,2 հազ. ԱՄՆ դոլար:

Սլովակյան տնտեսության և բիզնեսի տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է որպես հանգույց (hub)՝ դեպի Կենտրոնական Ասիայի շուկաները:

Երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում փոխգործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև: Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր:

Սլովակիայի խորհրդարանում գործում է Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամական խումբ՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող 11 պատգամավորից:

Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրված դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

2004 թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013 թ., 2015 թ. և 2018 թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Բարձրաստիճան հանդիպումներ և փոխայցելություններ

2020 թ. փետրվարին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Հայաստան:

2019 թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և Սլովակիայի վարչապետ Պ. Պելլեգրինի միջև:

ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Մ. Լայչակը հանդիպել են 2018 թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, 2018 թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019 թ. փետրվարին՝ Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019 թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019 թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին