Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, ինչի հիման վրա պետությունը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն։

Նախարարի տեղակալը ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ այդ թվում՝ 14 անտառտնտեսությունների համար անտառային կառավարման պլանների ընդունումը, անտառապատման և վերականգնման ընթացակարգերի արդիականացումը, ինչպես նաև կայուն անտառային կառավարման նոր չափանիշների և ցուցիչների հաստատումը։

Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Արամ Մեյմարյանը առանձնակի կարևորել է Էկոպարեկայինծառայության ստեղծումը, որը կոչված է ապահովելու շուրջօրյա բնապահպանական վերահսկողություն ողջ հանրապետության տարածքում՝ 24 / 7 ռեժիմով արձագանքելով իրավախախտումներին և կանխելով դրանք։ Ծառայությունն ուղղված է կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանմանը՝ հատկապես արգելոցային և անտառային տարածքներում։

Բացի այդ, նախարարի տեղակալը նշել է, որ ընթացքի մեջ է նաև մի շարք կարևոր օրենքների՝ այդ թվում՝ «Կլիմայի մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքների, ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի արդիականացումը՝ անտառների և կենսաբազմազանության պաշտպանության իրավական դաշտի ամրապնդման նպատակով։

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալմանը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է առաջիկա տարիներին հանդես գալ որպես ակտիվ և օրինակելի մասնակից՝ ներգրավվելով գլոբալ բնապահպանական օրակարգի իրականացման մեջ։

Ելույթի ավարտին Արամ Մեյմարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանել անտառներն ու կենսաբազմազանությունը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

Related posts

Առանց հիմքերի՝ իմպիչմենտի գործընթաց չի կարելի սկսել․ Սեյրան Օհանյան

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Ռազմական ոստիկանության մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչության մեդալներով