Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով

Կառավարության՝ մարտի 26-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 1 մլրդ 100 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում:

«Այս հատկացումով արդեն 2026 թվականի պետբյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը: Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապատեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների:

Միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դուռ-պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և խորհրդատվական ծառայություներ ձեռք բերելու համար:

«Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին պրոբլեմ է, և պետք է այս հարցը լուծել»,- թեմայի համատեքստում նկատեց Փաշինյանը:

Նախարար Խուդաթյանն արձագանքեց՝ նախատեսված է աշխատանքներն իրականացնել փուլերով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել