Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN):

Իրան-Իսրայել վերջին հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Չինաստանն ակտիվորեն խթանում է խաղաղ բանակցությունները և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն։ Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման գործում։

Հարցին Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Արարատ Միրզոյան. Հայաստանը Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։

Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև մյուս տարածաշրջաններում և ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։

Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը»։

Related posts

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 20 տարեկանների ԵԱ-ում