Հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի և հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի դեպքերով․ Իոաննիսյան

Այսօր Դատախազություն հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) և Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է․ «Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։ Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։ ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ։

Երկրորդ դեպքը վերաբերում է ռուսաստանյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր եթերի ժամանակ հնչեցված կոչերին։ Վերջինս հրապարակայնորեն կոչ է արել ՌԴ իշխանություններին Հայաստանի դեմ իրականացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ Ուկրաինական սցենարով։

Հաղորդմամբ պահանջվում է քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հատկանիշներով՝ ագրեսիա նախաձեռնելու հրապարակային կոչի համար՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ըստ որոնց՝ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է ՀՀ շահերի դեմ։

ԻՔՄ-ն ուշադիր հետևելու է այս հաղորդումների ընթացքին և ակնկալում է պատշաճ իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ: Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ:

Հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի դեպքոի վերաբերյալ էլ հերքում է հրապարակել Վեդիի համայնքապետարանը ու նշել․ «Տեղեկացվում է, որ հրապարկման մեջ հիշատակված անձի (Գ.Ասատրյանի) կողմից հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, հրապարակման մեջ հիշատակված անձը ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվել է դեռևս 2025 թվականի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում»։

Related posts

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ