Հակառակորդի ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ թշնամական գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»:

Related posts

Աշխատաշուկան՝ աղքատության նվազեցման առանցքում. Համաշխարհային բանկի նոր զեկույցը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ