Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. ԿԳՄՍ նախարար

Ունենք շատ լուրջ և համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով միայն դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ՝ որակի և մրցունակության էական թերացումներով: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին, և չեն դրվել միջազգային արդի պայմաններին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքեր, ինչի հետևանքով չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, և փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խաթարված է նաև բուհ-հետազոտություն-տնտեսություն եռանկյունին:

Ոլորտում կա նաև դեմոգրիաֆիական խնդիր, իսկ բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը գիտական աստիճան չունի, ուստի այս ոլորտում, ըստ նախարարի, բարեփոխումներն այլընտրանք չունեն, և այն, ինչ առաջարկվում է, նույնիսկ կարելի է ուշացած համարել:

Ըստ այդմ՝ մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման և հավատարմագրման միջոցով: Կրթությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն, ավելի ճկուն, և անհատականացված կրթական գործընթաց կլինի՝ ներառելով անհատական պլանով և կամընտրական մոդուլներով ուսում կազմակերպելու հնարավորություն: Կներդրվի նաև ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողների կրթաթոշակների բազմամակարդակ մոտեցում: Կկարգավորվի նաև համալսարանների ինկուբատորների ստեղծման ոլորտը:

Կվերանայվեն գիտության կազմակերպման սկզբունքները, և գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների համակարգի կառուցվածքում:

«Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվում է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունն ու քարոզը»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ որոշման նախագիծը կքննարկվի նաև Ազգային ժողովում, որտեղ մշակված փոփոխություններն առավել մանրամասն կներկայացվեն:

Related posts

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը. Պապոյան