Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝ մինչև օգոստոսի 25-ը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Փոխանցման մասին կարող եք տեղեկանալ նախարարության կողմից տարածվող հայտարարության միջոցով։ Հաջորդող ամիսներին ևս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (այսինքն` յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսի 25-ը)։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ «ՎՏԲ Հայաստան բանկը», «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

 

Related posts

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 141 820 մարդ. ՏԿԵՆ-ն ամփոփել է արդյունքները

Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ