Կարեն Գիլոյանը մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։
«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում։ Շնորհավորում եմ չեմպիոններին և բոլոր մրցանակակիրներին։ Մաղթում եմ, որ այս հաջողությունը շարունակեք զարգացնել նաև միջազգային մրզասպարեզում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6.5 միավորով, իսկ լավագույն եռյակը 5,5 միավորով եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը:
Տղամարդկանմց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։ Շնորհավորում եմ բոլորիս առաջնության կայացման առթիվ։ Հայաստանի առաջնությունում հաղթանակն իսկապես կարևոր նվաճում է։ Ուրախ եմ, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի առաջնության հանդեպ։ Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ մեր մարզաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության և աջակցության համար»,- նշել է Սմբատ Լպուտյանը։
Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, ինչի շնորհիվ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը:

 

Related posts

Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը դեռ չի էլ փորձակվել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար. Զախարովա